Ռուսաստանի դատարանը ինը տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրեյներին

20:38, 04.08.2022

Ռուսաստանի դատարանը ինը տարվա ազատազրկման է դատապարտել ամերիկացի բասկետբոլիստ, օլիմպիական կրկնակի չեմպիոն Բրիթնի Գրեյներին։ Դատարանը մարզիկին մեղավոր է ճանաչել թմրանյութեր պահելու և մաքսանենգության մեջ։

Բացի այդ, դատարանը Գրեյներին տուգանել է մեկ միլիոն ռուբլով (16300 դոլար):

31-ամյա Բրիթնի Գրեյներն իրեն մեղավոր է ճանաչել, սակայն հերքում է, որ միտումնավոր խախտել է օրենքը և կատարվածը սխալ է անվանել։ Ելույթի ժամանակ մարզիկը արտասվել է:

«Ես ազնիվ սխալ թույլ տվեցի և հուսով եմ, որ ձեր դատողությամբ կյանքս այստեղ չեմ ավարտի։ Ծնողներս ինձ երկու կարևոր բան են սովորեցրել՝ պատասխանատվություն ստանձնել ինքս ինձ համար և քրտնաջան աշխատել այն ամենի համար, ինչ ունեմ: Դրա համար ես ինձ մեղավոր եմ ճանաչել»,- ասել է մեղադրյալը։

Ամերիկացի մարզիկը ձերբակալվել էր Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում փետրվարին, երբ նրա ուղեբեռում կանեփի յուղ էին հայտնաբերել։ Կանեփը Ռուսաստանում արգելված է ինչպես բժշկական, այնպես էլ ռեկրեացիոն նպատակներով։

Ինչպես նշում է «BBC»-ն, հայտնի չէ, թե որքան ժամանակ Գրեյները պետք է մնա բանտում, քանի որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը քննարկում են բանտարկյալների հնարավոր փոխանակման հարցը։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ Վաշինգտոնի և Մոսկվայի միջև գործարքի շրջանակներում հնարավոր է փոխանակվեն ԱՄՆ-ում ձերբակալված զենքի վաճառող Վիկտոր Բուտն ու Բրիթնի Գրեյները։

Նմանատիպ