Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարում են, որ Սև ծովում Ուկրաինայի հետ երկկողմ համաձայնագրի հիմքեր չեն տեսնում

16:38, 14.08.2026
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում հայտարարել են, որ «հիմքեր չեն տեսնում» Սև ծովում Ուկրաինայի հետ երկկողմ զինադադարի մասին համաձայնագրի համար։
Տեղեկությունը տարածում է «Մեդուզա»-ն՝ հենվելով երկրի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարության վրա։
«Մենք իրավիճակի բարելավման որևէ նախադրյալ չենք տեսնում և, հետևաբար, չենք տեսնում նաև կեսմիջոցների հիմքեր, որոնք Կիևի ռեժիմին միայն ժամանակավոր շունչ քաշելու հնարավորություն են տալիս», — հայտարարել է Մարիա Զախարովան։
Ի գիտություն՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն օգոստոսի 8-ին «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում հայտնել էր, որ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է համաձայնագիր՝ Սև ծովում նավերի վրա հարձակումների վերաբերյալ մորատորիում սահմանելու մասին։
Զախարովան նշել է, որ Թուրքիայի առաջարկը արտաքին գործերի նախարարը հնչեցրել է լրատվամիջոցների հետ զրույցում, սակայն, նրա խոսքով, ռուսական կողմը Անկարայից պաշտոնական դիմում չի ստացել։
Օգոստոսի 13-ին «Ռոյթերս» գործակալությունը տեղեկություն էր տարածել, որ Ուկրաինան Ռուսաստանին առաջարկել է Սև ծովում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումների երկկողմ դադարեցում։ Աղբյուրների փոխանցմամբ՝ Կիևն իր առաջարկը Մոսկվային է փոխանցել երրորդ երկրի միջնորդությամբ։

Նմանատիպ