Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն. Ռուբիոյի և Լավրովի հանդիպումը հաստատեց համագործակցության վերականգնման և հասարակությունների միջև անարգել շփումների տրամադրվածությունը, որին կարող է նպաստել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը

16:56, 10.07.2025

Կուալա Լումպուրում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։

Բանակցությունները տեղի են ունեցել Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի արտաքին գործերի նախարարների հանդիպման շրջանակներում։ Սա Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի միջև երկրորդ անձնական հանդիպումն է։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման վերաբերյալ։

Նախարարության հաղորդմամբ՝ հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ օրակարգի հարցեր և աշխարհում ստեղծված իրավիճակը։

«Կայացել է մտքերի առարկայական և անկեղծ փոխանակում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման, Իրանի և Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև այլ միջազգային հարցերի վերաբերյալ: Հաստատվել է կոնֆլիկտային իրավիճակների խաղաղ լուծում գտնելու, ռուս-ամերիկյան տնտեսական և մարդասիրական համագործակցության վերականգնման, ինչպես նաև երկու երկրների հասարակությունների միջև անարգել շփումների փոխադարձ հանձնառությունը, որին կարող է նպաստել ուղիղ օդային հաղորդակցության վերականգնումը: Ընդգծվել է երկկողմ դիվանագիտական ​​առաքելությունների գործունեության կարգավորման ուղղությամբ աշխատանքների շարունակման կարևորությունը: Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև կշարունակվի կառուցողական և հարգալից երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի շուրջ», – ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

ԱՄՆ Պետդեպարտամենտը դեռևս հայտարարություն չի տարածել Մարկո Ռուբիոյի և Սերգեյ Լավրովի միջև բանակցությունների վերաբերյալ:

Նմանատիպ