Ռուսաստանի ԱԳՆ-ն օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայում գտնվելուց և այնտեղ ճանապարհորդելուց
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին կոչ է արել զերծ մնալ Ուկրաինայում գտնվելուց և այնտեղ ճանապարհորդելուց: Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով պաշտոնական գերատեսչությանը:
«Ցանկացած հնարավոր բացասական հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում են նրանք, ովքեր կարհամարհեն այս զգուշացումը»,- գրում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ գերատեսչությունը նմանատիպ կոչ է տարածել նաև ավելի վաղ՝ Կիևում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին հորդորելով լքել քաղաքը, իսկ Ուկրաինայի քաղաքացիներին՝ խուսափել ռազմական և վարչական օբյեկտների մոտ գտնվելուց:
«Ռուսաստանի զինված ուժերը կշարունակեն մասշտաբային պատասխան հարվածները»,- նշված է պաշտոնական գերատեսչության հայտարարության մեջ:
Ի գիտություն՝ ավելի վաղ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակը հերքել էր Կիևից դեսպանատների էվակուացիայի մասին տարածված տեղեկությունը: