Ռուսաստանը Սումիի երկաթուղային կայարանում ռմբակոծել է ուղևորատար գնացք, վիրավորվել է առնվազն 30 մարդ
Ռուսաստանը Սումիի երկաթուղային կայարանում ռմբակոծել է ուղևորատար գնացք, վիրավորվել է առնվազն 30 մարդ

Ռուսաստանը Սումիի երկաթուղային կայարանում ռմբակոծել է ուղևորատար գնացք, վիրավորվել է առնվազն 30 մարդ: Հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ շարժվող ուղևորատար գնացքը դիտավորյալ ռմբակոծվել է ռուսական ուժերի կողմից։

Ուկրաինայի համայնքների և տարածքային զարգացման նախարարության տվյալներով՝ երկաթուղային կայարանում երկու հարված է հասցվել։ Առաջին հարվածը ուղղված էր Տերեշչինսկ-Նովոգրադ-Սիվերսկի ուղևորատար գնացքի շոգեքարշին, իսկ երկրորդը՝ Կիև-Շոստկա գնացքին։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ վիրավորներից տասը արդեն տեղափոխվել են հիվանդանոց։

Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին արձագանքել է միջադեպին։ Նրա խոսքով՝ դեպքի վայրում մոբիլիզացվել են բոլոր արտակարգ ծառայությունները։

«Սումիի մարզի Շոստկա երկաթուղային կայարանի վրա ռուսական անօդաչու թռչող սարքի դաժան հարձակում է իրականացվել։ Բոլոր արտակարգ ծառայություններն արդեն տեղում են և սկսել են օգնություն ցուցաբերել մարդկանց։ Վիրավորների մասին բոլոր տեղեկությունները ճշտվում են։ Այս պահին հայտնի է 30 վիրավորի մասին։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ հարձակման վայրում են եղել ինչպես «ՈւկրԺալիզնիցայի» աշխատակիցները, այնպես էլ ուղևորները։

Ռուսները չէին կարող չիմանալ, որ հարձակվում են խաղաղ բնակիչների վրա։ Սա ահաբեկչություն է, որը աշխարհը չպետք է թույլ տա անտեսել։ Ռուսաստանը ամեն օր մարդկանց է սպանում։ Միայն ուժը կարող է կանգնեցնել նրանց։ Մենք լսել ենք Եվրոպայից և Ամերիկայից ուժեղ հայտարարություններ։ Ժամանակն է այս ամենը իրականություն դարձնել բոլոր նրանց հետ միասին, ովքեր հրաժարվում են սպանությունն ու ահաբեկչությունը նորմալ համարել։ Հիմա խոսքերը բավարար չեն։ Անհրաժեշտ են ուժեղ գործողություններ», – ասել է Զելենսկին։