Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Ուկրաինային, կան զոհերի մասին տեղեկություններ
Ռուսաստանը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով լայնածավալ ավիահարված է հասցրել Ուկրաինային, որի հետևանքով կան զոհեր։
Տեղական իշխանությունները հայտնել են, որ Կիևում, Դնեպրում, Օդեսայում, Զապորոժիեում, Կրեմենչուգում և Կրիվոյ Ռոգում պայթյուններ են լսվել։
Ուկրաինայի մայրաքաղաքում զոհվել է առնվազն երեք մարդ, 11-ը՝ վիրավորվել, այդ թվում՝ հղի կին։ Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ այրվում են չորս բնակարանային շենքեր և մեքենաներ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանը Կիևը ռմբակոծել է թևավոր հրթիռներով։
Հարվածներ են իրականացվել նաև Ուկրաինայի այլ շրջաններին։ Կրիվոյ Ռոգի պաշտպանության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլի խոսքով՝ հարվածներ են հասցվել քաղաքի երեք վայրերում, այդ թվում՝ տրանսպորտային և քաղաքային ենթակառուցվածքներին։ Զոհերի մասին անմիջապես տեղեկություններ չեն եղել։ Քաղաքում տրոլեյբուսային երթևեկությունը մասամբ դադարեցվել է։
Զապորոժիեում անօդաչու թռչող սարքերով հարձակում է տեղի ունեցել։ Բալիստիկ հրթիռային հարձակման սպառնալիքը մնում է։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ վնասվել է ձեռնարկություններից մեկը, որտեղ հրդեհ է բռնկվել։
Կրեմենչուգում տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել, քաղաքի մի մասում էլեկտրաէներգիա է անջատվել։
Օդեսայում վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ և բնակելի տարածքներ։ Քաղաքում մի քանի հրդեհներ են բռնկվել, այդ թվում՝ բազմահարկ շենքերում։ Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։