Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի տարածք է արձակել 172 անօդաչու թռչող սարք և հրթիռ
Ռուսաստանը գիշերը Ուկրաինայի տարածք է արձակել 172 անօդաչու թռչող սարք և հրթիռ

Ռուսաստանը գիշերը հարձակվել է Ուկրաինայի վրա 172 անօդաչու թռչող սարքով, ինչպես նաեւ «Իսկանդեր» տեսակի բալիստիկ հրթիռով եւ Ս-300 զենիթահրթիռային համակարգով։ Այս մասին հայտնել են Ուկրաինայի օդային ուժերը։

Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ տարբեր տեսակի 136 դրոն վնասազերծվել է։ Նշվում է, որ հրթիռային եւ դրոնային հարվածներ են եղել 13 վայրում։

Մինչ այդ, Ուկրաինայի երկաթուղու ներկայացուցիչները, ինչպես նաեւ փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան հայտնել են, որ հարվածներ են հասցվել երկաթուղային ենթակայաններին, ինչի հետեւանքով տասնյակ ուղեւորատար երթուղիներ հետաձգվել են։

Ռուսական դրոններով հարձակման պատճառով հրդեհներ են բռնկվել Պոլտավայի եւ Կիրովոգրադի մարզերում գտնվող արդյունաբերական եւ ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներում։ Կիրովոգրադի շրջանում 45 բնակավայր մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

Բացի այդ, Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինի տվյալներով, այսօր առավոտյան ռուսական ուժերը ավիաբոմբով հարվածել են Խերսոնի շրջանի Ինգուլցե գյուղին, ինչի հետեւանքով վիրավորվել է չորս մարդ, այդ թվում՝ երեք տարեկան աղջիկ։

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ գիշերը խոցվել է ութ ուկրաինական դրոն։