Ռուսաստանը ավիահարվածներ է հասցրել Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին, կան զոհվածներ և վիրավորներ
Ռուսական ուժերը զանգվածային ավիահարվածներ են հասցրել Կիևին և Ուկրաինայի այլ քաղաքներին, կան զոհվածներ և վիրավորներ։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է ինը մարդ։ Վիրավորվել է առնվազն 51 մարդ, այդ թվում՝ երեք երեխա։
Կլիչկոյի խոսքով՝ Պոդոլսկի շրջանում ինը հարկանի բնակելի շենքի վրա հարձակումը շենքի փլուզման պատճառ է դարձել, և մարդիկ հնարավոր է մնացել են փլատակների տակ։
Հարձակումը հրդեհներ է առաջացրել մայրաքաղաքի մի քանի շրջաններում։ Հրդեհաշիջման աշխատանքները դեռևս շարունակվում են։
Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ մայրաքաղաքի մի քանի շրջաններում էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել։
Բացի այդ, Ուկրաինայի Դնեպր քաղաքի վրա հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, վիրավորվել՝ 25-ը։ Վնասվել են բնակելի շենքեր։
Խարկովի վրա հարձակման հետևանքով վիրավորվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Վնասվել են մասնավոր տներ, մեքենաներ և գրասենյակային շենքեր։