Ռուսաստանը անցած ցերեկ ու գիշեր յոթ անգամ ռմբակոծել է Խերսոնը կառավարվող ավիառումբերով
Վերջին օր ու գիշեր Ռուսաստանը յոթ անգամ ռմբակոծել է Խերսոնը կառավարվող ավիառումբերով,- այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության ուժերի հարավային ուղղության միասնական համակարգող մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը։
Նրա տեղեկություններով՝ արդյունքում մեկ մարդ մահացել է, երկուսը վիրավորվել, վնասվել են մարզի ենթակառուցվածքներն ու բնակելի տները։
Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ Ռուսաստանը հարվածներ է հասցնում Դնեպր գետի աջ ափին տեղակայված ենթակառուցվածքին՝ ուկրաինական ուժերի մատակարարման շղթան խաթարելու նպատակով։
Բացի այդ, անցած գիշեր ռուսական զինուժը Ուկրաինայի ուղղությամբ գործարկել է ութ կամիկաձե անօդաչու թռչող սարք, որոնցից յոթը խոցվել են ուկրաինացիների կողմից։
Միաժամանակ հայտնի է, որ Ռուսաստանին բռնակցված Ղրիմում, այդ թվում՝ Սեւաստոպոլում, դեռ պայթյուններ են լսվում։ Դրա պատճառով Ղրիմի կամրջով երթեւեկությունը ժամանակավորապես դադարեցվել է։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղրիմի տարածքում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։