Ռուսական զինուժը հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի Սումի քաղաքի բնակելի թաղամասին
Ռուսական ուժերը հրթիռակոծել են Ուկրաինայի Սումի քաղաքի բնակելի թաղամասը, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
Այս մասին տեղեկություն է տարածում Սումիի շրջանի դատախազությունը։
Ռուսական ուժերը հրթիռային հարված են հասցրել Սումիի վրա առավոտյան ժամը վեցի սահմաններում։
«Իսկանդեր» հրթիռն ընկել է ավտոկայանատեղի վրա:
Հարվածի հետևանքով վնասվել է առևտրի կենտրոնի շենքը, հինգ բնակելի շենք և ավելի քան 15 ավտոմեքենա։
Փրկարար ծառայությունը մարել է ռմբակոծության վայրում բռնկված հրդեհը։
Բացի այդ, Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ հակաօդային պաշտպանությունը խոցել է Ռուսաստանի կողմից անցած գիշեր արձակված բոլոր 14 «Շահիդ» անօդաչուները։
Անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Նիկոլաևի, Չերկասիի, Պոլտավայի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիայի և Կիևի շրջաններում։