Ռուսական ուժերն այսօր առավոտյան հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա
Ռուսական ուժերն այսօր առավոտյան հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաքի վրա։ Կիևի ռազմական քաղաքային վարչության ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ հարձակման ժամանակ օկուպացիոն ուժերը կիրառել են թեւավոր հրթիռներ, բալիստիկ հրթիռներ, մասնավորապես՝ «Իսկանդեր», ինչպես նաև անօդաչու թռչող սարք։
Պոպկոյի խոսքով՝ հակաօդային պաշտպանության ուժերը մայրաքաղաքի վրայով ոչնչացրել են ավելի քան 10 թեւավոր հրթիռ, մինչև 10 բալիստիկ հրթիռ և անօդաչու թռչող սարք։ Մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ երկու մարդ վիրավորվել է, նրանցից մեկը հոսպիտալացվել է։ Կիեւի երեք թաղամասերում վնասվել են շենքեր, մասնավորապես՝ ձեռնարկություն եւ ոչ բնակելի շենքեր, այրվել է չորս ավտոմեքենա։ Մետրո «Սվյատոշին» կայարանի շենքի ապակիները կոտրվել են.
Բացի այդ, Սումիի շրջանային ոստիկանության վերջին տեղեկությունների համաձայն, երեկ երեկոյան Սումիի հրթիռակոծության հետեւանքով տուժել է 13 մարդ, այդ թվում՝ չորս երեխա։ Հարձակման հետևանքով ավերվել և վնասվել են Սումիի երեխաների սոցիալ-հոգեբանական վերականգնողական կենտրոնի և մանկատան շենքը, ինչպես նաև հինգ բազմահարկ տուն։
Գիշերը պայթյուններ են լսվել Խարկովում և Պոլտավայում։ Խարկովի քաղաքապետի տեղեկություններով՝ երկու «շահիդ» անօդաչու սարք պայթել է առանձնատան և ուսումնական հաստատության մոտ։ Ավելի վաղ ռուսական ուժերի կողմից Խարկովի բալիստիկ հրթիռային ռմբակոծության հետևանքով տուժել էր ավելի քան 40 մարդ։
Ինչ վերաբերում է առաջնագծում տիրող իրավիճակին, ապա, ըստ Ուկրաինայի զինված ուժերի, անցած օր ու գիշեր առաջնագծում տեղի է ունեցել 166 փոխհրաձգություն, որից 62-ը՝ Պոկրովսկու ուղղությամբ։