Ռուսական ուժերը գնդակոծել են Խարկովի մարզի Գրոզա գյուղը, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 48 մարդ
Ռուսական ուժերը ռմբակոծել են Խարկովի մարզի Կուպյանսկի շրջանի Գրոզա գյուղը։ Հաղորդվում է առնվազն 48 զոհվածի մասին։
Համապատասխան տեղեկատվություն են տարածում Խարկովի շրջանային վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սինեգուբովի խոսքով՝ ռմբակոծվել են սրճարանն ու խանութը, որտեղ բազմաթիվ քաղաքացիներ են եղել։ Տեղում աշխատում են փրկարարական ջոկատները։ Զոհվածների թվում կա վեցամյա երեխա։ Վիրավորվել է նաև վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին միջադեպի առնչությամբ ասել է, որ ռուսական ահաբեկչությունը պետք է դադարեցվի։
«Ցուցադրված ռուսական դաժան հանցագործությունը՝ հրթիռային հարձակումները սովորական մթերային խանութի վրա, բացարձակապես կանխամտածված ահաբեկչություն է։ Խարկովի մարզի Կուպյանսկի շրջան: Այս պահի դրությամբ հայտնի է ավելի քան 48 մահվան դեպքի մասին։ Իմ ցավակցությունը: Վիրավորները ստանում են օգնություն, և մենք ահաբեկիչներին կպատասխանենք բացարձակապես արդար և ուժեղ կերպով։ Մեղավոր են բոլոր նրանք, ովքեր օգնում են Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները: Բոլոր նրանք, ովքեր մինչ այժմ աջակցել են Ռուսաստանին, աջակցում են չարին։ Նման ահաբեկչություններն այն ամենն են, ինչ պետք է Ռուսաստանին՝ իր ցեղասպանական ագրեսիան ամբողջ աշխարհի համար նոր նորմ դարձնելու համար»,- գրել է Վլադիմիր Զելենսկին։