Ռուսական ռազմական ուժերը ավիահարված են հասցրել Կրիվոյ Ռոգին, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ վեց երեխա
Ռուսական ռազմական ուժերը բալիստիկ հրթիռով հարձակվել են Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ, այդ թվում՝ 6 երեխա, ավելի քան 40 մարդ վիրավորվել է։
Պաշտոնյաների խոսքով՝ հարձակումն իրականացվել է բնակելի թաղամասի վրա։ Արդյունքում քաղաքի մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել, տուժել են քսան բազմահարկ շենքեր, ավելի քան 30 ավտոմեքենա, ուսումնական հաստատություններ, սննդի օբյեկտներ։
Հրթիռներից մեկի ընկնելու վայրի մոտ մանկական խաղահրապարակ է գտնվել։
Միջադեպին արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ում խոսքով՝ զոհվածների թվում վեց երեխա կա։
«Ռուսական հրթիռն ընկել է քաղաքի վրա։ Հենց փողոցում։ Բնակելի տների տարածքում։ Ըստ նախնական տեղեկությունների՝ դա բալիստիկ հրթիռի հարված է եղել», – ասել է Զելենսկին։
Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, փրկարարական գործողությունը շարունակվում է, իսկ վիրավորների թիվն անընդհատ ավելանում է։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավելի քան 30 մարդ տեղափոխվել է բուժհաստատություններ, տուժածներից մի քանիսը գտնվում են վիրահատական բաժանմունքում։