Ռուսական հարձակման հետեւանքով Դոնեցկի մարզում զոհվել է «Կարմիր խաչ» կազմակերպության երեք աշխատակից
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հաստատել է, որ Դոնեցկի շրջանի Վերոլիուբովկի գյուղի գնդակոծության արդյունքում կազմակերպության երեք աշխատակից է զոհվել, երկուսը վիրավորվել են։
«Կարմիր խաչի» կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հասցվել է այն վայրում, որտեղ նախատեսվում էր մարդասիրական օգնության բաշխում։ Կազմակերպությունը հավելում է, որ հարձակման ժամանակ տեղի բնակիչներ չեն տուժել։
«Անհնար է պատկերացնել, որ արկը կհարվածի մարդասիրական օգնության բաշխման վայրին»,- ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրիանա Սպոլյարիչ-Էգերը։
«Կարմիր խաչը» հայտնում է, որ իր աշխատակիցները պատրաստվում էին փայտ և ածուխ բաժանել տեղի բնակչության տները տաքացնելու համար։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները մշտապես ներկա են Դոնեցկի մարզում, իսկ մեր մեքենաների վրա հստակ նշված է Կարմիր խաչի տարբերանշանը»,- գրում է կազմակերպությունը։