Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը դադարեցրել է աշխատանքը
Ռուսական «Դոժդ» հեռուստաընկերությունը դադարեցրել է աշխատանքը։ Այս մասին հայտնել է հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նատալյա Սինդեևան։ Նրա խոսքով մարտի 3-ի լրատվական թողարկումը սեզոնի վերջինն էր: Տեղեկությունը տարածում է BBC-ի ռուսալեզու խմբագրությունը։
«Ստեղծված պայմաններում մենք ժամանակավորապես դադարեցնում ենք աշխատանքը։ Մենք մեծ հույսեր ունենք, որ կվերադառնանք եթեր»,- ասել է Սինդեևան։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր Ռոսկոմնադզորին՝ «Դոժդի» և «Էխո Մոսկվի» ռադիոկայանի հեռարձակումն արգելափակելու խնդրանքով։ Գլխավոր դատախազությունը հեռարձակողներին մեղադրել է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների մասին կեղծ լուրեր տարածելու և քաղաքացիներին չարտոնված զանգվածային միջոցառումներին մասնակցելու դրդելու մեջ։