Ռուսական ագրեսիայի արդյունքում Ուկրաինայում 4,3 միլիոն երեխա է տեղահանվել
Ուկրաինայում ռուսական ագրեսիայի պատճառով մեկ ամսվա ընթացքում 4,3 միլիոն երեխա դարձել է փախստական։
Այս մասին հայտնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի տվյալներով՝ Ուկրաինայում 7,5 միլիոն երեխաներից 4,3 միլիոնը տեղահանվել են ռուսական ագրեսիայի պատճառով, որոնցից 1,8 միլիոնը լքել են երկիրը։
«Պատերազմը հանգեցրեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երեխաների ամենամեծ զանգվածային տեղաշարժերից մեկին։ Սա չարագուշակ պահ է, որը կարող է տեւական ազդեցություն ունենալ ապագա սերունդների վրա: Երեխաների անվտանգությունը, բարեկեցությունը և հիմնական ծառայություններին հասանելիությունը վտանգված են ներկայիս սարսափելի բռնության պատճառով», – ասել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գլխավոր տնօրեն Քեթրին Ռասելը:
Սակայն, ըստ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, պատերազմի սկզբից ի վեր Ուկրաինայում զոհվել է 78 երեխա, վիրավորվել՝ 105-ը, թեև սրանք միայն այն դեպքեր են, որոնք ՄԱԿ-ը կարողացել է հաստատել: