Ռուս մարզիկներին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին՝ չեզոք կարգավիճակով և առանց ազգային խորհրդանիշների
Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել թույլ տալ չեզոք կարգավիճակ ունեցող ռուս և բելառուս մարզիկներին մասնակցել Փարիզի ամառային Օլիմպիական խաղերին։
Խաղերին կարող են մասնակցել անհատական չեզոք մարզիկներ, ովքեր որակավորում են ստացել: Օլիմպիական կոմիտեի կայքում գրված է, որ Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել 11 նման մարզիկ (ութ ռուս և երեք բելառուս)։
Ռուսաստանի և Բելառուսի չեզոք մարզիկները պետք է ստորագրեն մասնակցության նորացված պայմանները։ Այն ներառում է պարտավորություն՝ հարգել Օլիմպիական խարտիան, ներառյալ «Օլիմպիական շարժման խաղաղ առաքելությունը»:
Ռուս և բելառուս մարզիկներին թույլ չեն տա հանդես գալ թիմային մրցաշարերում։ Օլիմպիական խաղերին չեն թույլատրվի մասնակցել նաև նրանց, ովքեր ակտիվորեն աջակցում են Ուկրաինայում ռուսական ագրեսիային կամ պայմանագրեր ունեն զինված ուժերի և ազգային անվտանգության մարմինների հետ։
Յուրաքանչյուր չեզոք մարզիկ պետք է համապատասխանի հակադոպինգային պահանջներին: