Ռումինիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 24-ին, իսկ խորհրդարանական ընտրությունները՝ դեկտեմբերի 1-ին
Ռումինիայի իշխող կոալիցիան որոշել է խորհրդարանական և նախագահական ընտրությունների ժամկետները։ Սոցիալ-դեմոկրատների ու լիբերալների որոշմամբ նախագահական ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 24-ին, իսկ եթե երկրորդ փուլի անհրաժեշտություն լինի, ապա դեկտեմբերի 8-ին։ Փուլերի միջև ընկած ժամանակահատվածում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 1-ին։ Այսպիսով, ռումինացիները երկու-երեք շաբաթ անընդմեջ պետք է գնան ընտրությունների։
Քննարկվել է նաև խորհրդարանական և նախագահական ընտրությունները միասին անցկացնելու տարբերակը, սակայն ի վերջո պայմանավորվել են երեք ժամկետների շուրջ։ Սպասվում է, որ ընտրություններից հետո սոցիալ-դեմոկրատներն ու լիբերալները կմնան կոալիցիոն գործընկերներ, թեև նախագահական ընտրություններում կներկայացվեն առանձին թեկնածուներով։
Նրանք Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցել են միասնական ցուցակով եւ ստացել ձայների 48,6%-ը։