Ռումինիայում միկրոավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհվել է 9 մարդ
Ռումինիայում միկրոավտոբուսի գետն ընկնելու հետևանքով զոհվել է 9 մարդ

Ռումինիայի Նյամց շրջանում միկրոավտոբուսն ընկել է Բիստրիցա գետը, որի հետեւանքով 9 մարդ է զոհվել, գրում է Mediafax գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել լույս հինգշաբթի գիշերը։ Ավտոբուսից դուրս գալ հաջողվել է միայն մեկ մարդու, որը նստած է եղել վարորդի կողքին։ Նա հոսպիտալացվել է։ Յոթ զոհերի դիերը հայտնաբերվել են միանգամից, եւս երկուսը համարվում են անհետ կորած։ Ավելի ուշ նրանցից մեկին մահացած են գտել։

Նյամց շրջանի արտակարգ իրավիճակների տեսչության մամուլի քարտուղար Ադրիանա Ռոտարուի խոսքով, միկրոավտոբուսը նախատեսված չի եղել ուղեւորափոխադրումներ իրականացնելու համար։ Մասնավոր ընկերության ղեկավարությունն այդ ավտոբուսով տեղափոխելիս է եղել անտառային տնտեսության աշխատակիցներին մի շրջանից մյուսը, որ նրանք Զատկի տոնին տանը լինեին։

Ոստիկանությունը ենթադրում է, որ վթարի պատճառ է դարձել վնասված անվադողը կամ այլ տեխնիկական խնդիր։

Mediafax–ը հետագայում հաղորդել է, որ երկրորդ անհետ կորածի դին հայտնաբերվել է միկրոավտոբուսից ոչ հեռու։