Ռումինիայի պաշտպանության շտաբը հայտարարել է, որ պատրաստ է հակաօդային համակարգեր կիրառել ռուսական ինքնաթիռների դեմ՝ «կախված սպառնալիքի մակարդակից»
Ռումինիան պատրաստ է «կախված սպառնալիքի մակարդակից» հակաօդային համակարգեր կիրառել ռուսական ինքնաթիռների դեմ և կօգտագործի «բոլոր ռազմական ուժը»՝ ազգային տարածքը պաշտպանելու համար,- ասել է Ռումինիայի պաշտպանության շտաբի պետի տեղակալ, գեներալ Գեորգիցա Վլադը։
Ռումինիայի բարձրաստիճան զինվորականի խոսքով՝ երկրի բանակը 600 զինվոր և ռադարներ է ուղարկել Ուկրաինայի հետ սահմանի մոտ գտնվող Դանուբի դելտա շրջան։
«Մենք ակտիվացրել ենք պաշտպանական համակարգը և քննարկել ենք մեր դաշնակից գործընկերների հետ՝ լուծումներ գտնելու ռուսական ագրեսիային դիմակայելու համար»,- ասել է Գեորգիցա Վլադը։
Սեպտեմբերի 14-ին Ռումինիայի պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանափակել թռիչքները Հյուսիսային Դոբրոգեայի օդային տարածքից՝ Ուկրաինայի հետ սահմանին։