Ռումինիայի նախագահի թեկնածուի խոսքով՝ Ռուսաստանը չունի այն պոտենցիալը, որպեսզի ներկայացնի էական սպառնալիք աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքի համար, իսկ ՆԱՏՕ-ի միակ իրական վտանգը նրա հնարավոր կազմաքանդումն է

21:44, 02.05.2025

«Ռուսաստանը ՆԱՏՕ-ի համար էական սպառնալիք չի ներկայացնում», – այս մասին «Ռոյթերս»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի նախագահի թեկնածու Ջորջե Սիմիոնը։

«Ռուսաստանն չունի այն պոտենցիալը, որ ներկայացնի կարևոր սպառնալիք աշխարհի ամենամեծ ռազմական դաշինքի համար, այդ իսկ պատճառով միակ վտանգը ՆԱՏՕ-ի հնարավոր կազմաքանդումն է։ Ռումինիայի, Լեհաստանի և Բալթյան երկրների համար սա է հիմնական սպառնալիքը։ Մենք պետք է աշխատենք ՆԱՏՕ-ի միասնականության վրա և պահպանենք այն՝ որպես պաշտպանական դաշինք։ Կան ուժեր, որոնք նույնիսկ ձգտում են ստեղծել երկու հակադիր աշխարհաքաղաքական բլոկ՝ Եվրամիության և ԱՄՆ-ի միջև», – նշել է Սիմիոնը։

Սիմիոնը հույս ունի օգտվել հանրության դժգոհությունից նախագահական ընտրությունների արդյունքների չեղարկման կապակցությամբ։ Նա նաև ասել է, որ իր հաղթանակի դեպքում կարող է վարչապետ նշանակել Կալին Ջորջեսկուին։

Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, 38-ամյա Սիմիոնը դեմ է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրելուն և քննադատաբար է տրամադրված ԵՄ ղեկավարության հանդեպ։

Հիշեցնենք, որ Ռումինիայի շրջանային վերաքննիչ դատարանը չեղարկել է Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումը, որով չեղարկվել էին նախագահական ընտրությունների արդյունքները։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, այս որոշումը կայացվել է նախատեսված երկրորդ փուլի ընտրություններից մեկ շաբաթ առաջ։ Ռումինիայի կենտրոնական ընտրական բյուրոն հայտարարել է, որ վերաքննիչ դատարանի որոշումը չի ազդի երկրորդ փուլում քվեարկության վրա, որը կկայանա երկու փուլով՝ մայիսի 4-ին և 16-ին։

Նշենք, որ Ռումինիայի բարձրագույն դատարանը դեկտեմբերին չեղարկել էր նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները՝ որպես պատճառ նշելով Ռուսաստանի միջամտությունը՝ ի օգուտ առաջին տեղը զբաղեցրած ծայրահեղ աջ թեկնածու Կալին Ջորջեսկուի։

Ավելի ուշ Ջորջեսկուի դեմ հարուցվել են մի քանի քրեական գործեր, այդ թվում՝ ֆաշիստական կազմակերպության անդամակցելու և ընտրական քարոզարշավի ֆինանսավորման մասին կեղծ տեղեկատվության տարածման մեղադրանքով։ Ինքը Ջորջեսկուն հերքում է մեղադրանքները։

🟩 Թարգմանություն՝ աղյուսակով (ვրացերեն – հայերեն)

Նմանատիպ