Ռումինիայի նախագահը հայտարարել է, որ չի բացառի լրացուցիչ դիվանագիտական միջոցառումներ, եթե ռուսական անօդաչու թռչող սարքերը խախտեն Ռումինիայի օդային տարածքը Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ
Ռումինիան չի բացառի լրացուցիչ դիվանագիտական միջոցառումներ, եթե ռուսական անօդաչու թռչող սարքերը ներխուժեն մեր օդային տարածք Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ, հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկոս Դանը։
BBC-ին տված հարցազրույցում Ռումինիայի նախագահին հարցրել են, թե արդյոք երկիրը լրացուցիչ քայլեր է նախատեսել Կոնստանցայում Ռուսաստանի հյուպատոսության փակվելուց և Գալաթիում տեղի ունեցած միջադեպի պատճառով Ռուսաստանի հյուպատոսի պերսոնա նոն գրատա հայտարարվելուց հետո։
Նիկոս Դանի խոսքով՝ Ռումինիան Ռուսաստանից ավելի մեծ զգուշություն է ակնկալում, որպեսզի Ուկրաինայի դեմ օգտագործվող անօդաչու թռչող սարքերը այլևս սպառնալիք չներկայացնեն Ռումինիայի քաղաքացիների կյանքի համար։
«Հուսով եմ, որ նման դեպքերը կդադարեն։ Եթե ոչ, կան այլ միջոցառումներ, որոնք կարելի է ձեռնարկել։ Օրինակ՝ դեսպանին վտարելը։ Դիվանագիտական միջոցառումներն ունեն իրենց սեփական հիերարխիան», – ասել է Ռումինիայի նախագահը։
Նրա խոսքով՝ Բուխարեստը կասկած չունի, որ Գալաթիում վթարի ենթարկված սարքը ռուսական արտադրության «Գերան-2» անօդաչու թռչող սարք էր։ Նիկոս Դանը նշել է, որ ռումինացի մասնագետներն արդեն հնարավորություն են ունեցել ուսումնասիրել նմանատիպ անօդաչու թռչող սարք, որը վթարի էր ենթարկվել առանց պայթյունի և որը հայտնաբերվել էր երկրում մի քանի շաբաթ առաջ։
Տեղեկատվության համար նշենք, որ ռուսական անօդաչու թռչող սարքը բախվել է Ռումինիայի սահմանային Գալատի քաղաքում գտնվող տասնհարկանի շենքի, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել բնակարաններից մեկում և վիրավորվել երկու մարդ։