Ռումինիայի կոալիցիոն կառավարությունը հայտարարել է, որ համաձայնության է եկել ֆերմերների և փոխադրողների հետ
Ռումինիայի կոալիցիոն կառավարությունը հայտարարել է, որ համաձայնության է եկել ֆերմերների և փոխադրողների հետ՝ դադարեցնել բողոքի ակցիաները։ Այս մասին հայտնում է Ռոյթեր գործակալությունը։
Ռումինիայում ֆերմերների և բեռնատարների վարորդների բողոքի ցույցերը սկսվել են մոտ երեք շաբաթ առաջ։ Տրակտորներով և բեռնատարներով ցուցարարները փակել կամ սահմանափակել են խոշոր քաղաքներ, ներառյալ Բուխարեստը տանող մայրուղիները: Նրանք նաև կարճ ժամանակով արգելափակել են Ուկրաինայի հետ սահմանին գտնվող անցակետը և փորձել արգելափակել Կոնստանցա նավահանգիստը։
Կառավարությունը ֆերմերներին խոստացել է միջոցներ ձեռնարկել դիզելային վառելիքի սուբսիդիաների ավելացման, սուբսիդավորման վճարումների արագացման և սահմանային անցակետերում ընթացակարգերն արագացնելու ուղղությամբ։
Վարչապետ Մարսել Չոլակուն և բողոքի ակցիայի մասնակիցների ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել, որը նախատեսում է աշխատանքային կոմիտե ստեղծել, որտեղ ներկայացված կլինեն մի քանի նախարարություններ։
Ֆերմերները շարունակում են բողոքի ցույցերը եվրոպական այլ երկրներում։ Նրանք բողոքում են ապրանքների ցածր գների, ծախսերի ավելացման, էժան ապրանքների ներմուծման և կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար Եվրամիության կողմից սահմանված սահմանափակումների դեմ։
«Ռոյթերս» գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայում ֆերմերները նույնպես սկսել են վերացնել շրջափակումը կառավարության կողմից զիջումների ֆոնին։ Բացի այդ, ցուցարարները փակել են Նիդեռլանդների և Բելգիայի սահմանը, ինչպես նաև Հունաստանի ճանապարհները։ Լեհաստանում ֆերմերների արհմիությունը հայտարարել է հաջորդ շաբաթ լայնածավալ գործադուլի և Ուկրաինայի սահմանին անցակետերի արգելափակման մասին։