Ռումինիայի արևելյան հատվածում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել
Ռումինիայի արեւելյան հատվածում ջրհեղեղների հետևանքով հինգ մարդ է զոհվել։ Հորդառատ անձրևն ու քամին տուժել են Գալացի և Վասլուի շրջանները։ Տասնյակ ծառեր են տապալվել, մեքենաները վնասվել են, ճանապարհները փակվել են։ Տեղի բնակիչներին տարհանում են հեղեղված բնակավայրերից, փրկարարական աշխատանքներին ներգրավված է ուղղաթիռ։ Այս մասին տեղեկություն է տարածում Associated Press -ը։
Լրատվամիջոցների տվյալներով՝ Ռումինիայի վարչապետ Մարսել Չոլակուն չեղարկել է նախատեսված միջոցառումները և գնացել աղետի գոտի։
BBC -ի փոխանցմամբ՝ Կենտրոնական Եվրոպայի մյուս երկրները, այդ թվում՝ Չեխիան, Լեհաստանը, Ավստրիան, Գերմանիան, Սլովակիան և Հունգարիան, հորդառատ տեղումների կանխատեսման պատճառով պատրաստվում են սպասվող ջրհեղեղներին։ Ավստրիայի լեռներում տեղացած առատ տեղումներն արդեն խաթարել են երթեւեկությունը։ Ավստրիայի իշխանությունները նշում են, որ պատրաստ են անհրաժեշտության դեպքում տարածաշրջանում տեղակայել մինչև հազար զինվոր։
Ինչպես գրում է BBC-ն, Չեխիայի մայրաքաղաքում ջրհեղեղներից պաշտպանվելու միջոցառումներ են իրականացվում։ Եղանակի սպասվող վատթարացման պատճառով Չեխիայում չեղարկվել են նաև ֆուտբոլային հանդիպումներն ու մշակութային միջոցառումները։ Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան կառավարության ճգնաժամային կառավարման շտաբի նիստից հետո ասել է, որ երկրին դժվար շաբաթավերջ է սպասվում, և կառավարությունը պետք է պատրաստ լինի ամենավատ սցենարին։
Ըստ ԶԼՄ-ների՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը մեկնել է Վրոցլավ քաղաք, որը գտնվում է երկրի հարավ-արևմտյան մասում, որտեղ ջրհեղեղներ են սպասվում։ Տեղական իշխանությունները զգուշացրել են բնակչությանը հոսանքի հնարավոր խափանումների մասին և հորդորել մթերել սննդամթերքի պաշար: