Ռումինիան հաստատում է, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Ռումինիայի տարածքում
Ռումինիայում հաստատում են, որ Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածքի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Ռումինիայի տարածքում։ Այս մասին հայտարարել է Ռումինիայի պաշտպանության նախարարը։ Ինչպես լրագրողների հետ զրույցում հաստատել է Անխել Թիլվարը, մասնագետները ռումինական Պլաուրի բնակավայրի մոտ հայտնաբերել են ռուսական անօդաչու թռչող սարքի մասերի բեկորներ։
Տեղեկության համար, սկզբում Բուխարեստում կտրականապես հերքում էին, որ ռուսական անօդաչու թռչող սարքը կործանվել է Ռումինիայի տարածքում։
«Մենք տեսնում ենք, որ շատ կարճ ժամանակահատվածում ռուսական հարձակումների շարք է եղել՝ ուղղված ուկրաինական նավահանգստային ենթակառուցվածքների և պահեստների դեմ։ Կարծում եմ՝ պետք է ավելի զգոն լինել։ Մենք կունենանք ավելի շատ դիտակետեր, կունենանք ավելի շատ պարեկներ»,- ասել է Ռումինիայի պաշտպանության նախարարը։
Սեպտեմբերի 4-ին Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ ուկրաինական նավահանգիստների վրա ռուսական հարձակման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքեր են ընկել Ռումինիայի տարածքում։