«Ռոյթերզ» - Պարսից ծոցի երկրները կոչ են անում ԱՄՆ-ին դադարեցնել Իսրայելի հնարավոր հարձակումը Իրանի նավթային օբյեկտների վրա
«Ռոյթերզ» - Պարսից ծոցի երկրները կոչ են անում ԱՄՆ-ին դադարեցնել Իսրայելի հնարավոր հարձակումը Իրանի նավթային օբյեկտների վրա

Երեք աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ Պարսից ծոցի երկրները լոբբինգ են իրականացնում Վաշինգտոնում՝ դադարեցնելու Իսրայելի հնարավոր հարձակումը Իրանի նավթային օբյեկտների վրա։ Ըստ աղբյուրի՝ նրանք մտավախություն ունեն, որ հակամարտության սրման դեպքում Թեհրանի դաշնակիցները կարող են ռմբակոծել Պարսից ծոցի նավթային օբյեկտները։

Գործակալության տվյալներով՝ նման սցենարից խուսափելու համար Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Քաթարը հրաժարվում են թույլ տալ Իսրայելին օգտագործել օդային տարածքը Իրանի վրա հարձակվելու համար, և այդ դիրքորոշումը զեկուցվել է նաև Վաշինգտոնին։

Ի գիտություն, Իսրայելի կառավարությունը խոստացել է Իրանին, որ պատասխան քայլեր կձեռնարկի հոկտեմբերի 1-ին իրականացված հրթիռային հարձակման համար։ Թեհրանը հայտարարեց, որ նման գործողությունը սարսափելի հետեւանքներ կունենա Իսրայելի համար։

Reuters-ի փոխանցմամբ՝ այս շաբաթ տեղի ունեցած հանդիպումների ժամանակ Իրանը զգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ Իսրայելի պատասխան հարձակման դեպքում Թեհրանը չի կարողանա երաշխավորել Պարսից ծոցի թագավորության նավթային օբյեկտների անվտանգությունը։ Պարսից ծոցի և Իրանի աղբյուրների համաձայն՝ Սաուդյան Արաբիայի փաստացի կառավարիչ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանի և Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունների հիմնական թեման Իսրայելին հնարավոր հարված հասցնելն էր։

Ըստ կառավարական շրջանակներին մոտ կանգնած աղբյուրի, իրանցի նախարարի այցը, ինչպես նաև Սաուդյան Արաբիայի և ԱՄՆ-ի միջև կապը պաշտպանության նախարարությունների մակարդակով, ճգնաժամի կարգավորման համակարգված ջանքերի մի մասն է։ Վաշինգտոնում բանակցություններին մոտ կանգնած անձը հաստատել է Reuters-ին, որ Պարսից ծոցի պաշտոնյաները կապվել են իրենց ամերիկացի գործընկերների հետ՝ մտահոգություն հայտնելու իսրայելական ակնկալվող պատասխան գործողությունների հնարավոր մասշտաբների վերաբերյալ: