«Ռոյթերս». ԵՄ առաջնորդները համաձայնության են եկել համատեղ վարկի շուրջ՝ Ուկրաինային ֆինանսավորելու համար ռուսական սառեցված ակտիվներն օգտագործելու փոխարեն
Եվրոպական միության առաջնորդները որոշել են Ուկրաինային ֆինանսական աջակցություն տրամադրել ոչ թե Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հաշվին, այլ միասնական վարկի ձևով։ Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը։
Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան հայտարարեց, որ ԵՄ ղեկավարները համաձայնություն են ձեռք բերել Ուկրաինային աջակցելու համար 90 միլիարդ եվրոյի հատկացման շուրջ։
Ֆինանսական միջոցները կկազմակերպվեն ԵՄ 27 անդամ երկրներից 24-ի մասնակցությամբ որպես համատեղ վարկ։ Չնայած դրան, ծրագրի հաստատման համար անհրաժեշտ էր բոլոր անդամ երկրների համաձայնությունը, քանի որ վարկը կապակցված է ԵՄ-ի երկարաժամկետ կենտրոնական բյուջեին։
«Ռոյթերս»-ի տվյալներով՝ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան համաձայնել են, որ ծրագիրը իրականացվի այն պայմանով, որ դա ֆինանսական վնաս չի պատճառի իրենց։
ԵՄ առաջնորդները նշել են, որ Եվրամիության տարածքում սառեցված ռուսական ակտիվները, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 210 միլիարդ եվրո, կշարունակեն սառեցված մնալ այնքան ժամանակ, քանի դեռ Մոսկվան Ուկրաինային պատերազմական փոխհատուցում չի վճարել։ Եթե երբևէ Մոսկվան կատարի այդ վճարումը, Ուկրաինան կարող է օգտագործել այդ գումարը վարկը մարելու համար։
«Սա լավ նորություն է Ուկրաինայի համար և վատ նորություն Ռուսաստանի համար։ Սա հենց այն էր, ինչ մենք նպատակ ունեինք», – հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։