Ուկրաինական բանակը ռուս օկուպանտներից ազատել է Խարկովի մոտ գտնվող Դովգենկե բնակավայրը և նրանք առաջ են շարժվում դեպի Իզյում, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչին։
Նրա խոսքով՝ ռուսական բանակն անհաջող փորձում է հետ գրավել ուկրաինացիների կողմից ազատագրված տարածքները։
Արեստովիչը չի բացառում, որ ռուսական բանակը շրջափակվի Իզյումի մոտ։ Դոնբասում շարունակվում են լարված մարտերը, որտեղ ռուսները շարունակում են հարձակումները Բախմուտի և Ավդեևկայի ուղղությամբ։
Ուկրաինայի գլխավոր շտաբի տվյալներով՝ վերջին օր ու գիշեր Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզում վնասազերծել են երկու դիվերսիոն խմբեր։ Նրանց տեղեկություններով՝ ռուսական բանակը շարունակում է կրակ բացել Կրամատորսկ քաղաքի ուղղությամբ։
Նաև, Ուկրաինայի Գլխավոր շտաբի տեղեկությունների համաձայն, Ռուսաստանը դեռևս մոբիլիզացված ուժեր ունի Կուրսկի և Բրյանսկի շրջաններում, որտեղից հրետանին կրակում է Սումի շրջանի ուղղությամբ։ Ռուսները կրկին հրթիռային հարձակում են գործել Նիկոպոլի վրա։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ կիրառվել են հրթիռային կայաններ։ Զոհ չկա: Հարավային ուղղությամբ ուկրաինացի զինվորականներին հաջողվել է վերջին 24 ժամում ոչնչացնել ռուսական բանակին պատկանող «Պանցիր» հրթիռային համալիրը, մի քանի զրահամեքենա, տանկեր և ինքնագնաց հաուբիցներ։ Զոհվել է 23 ռուս զինվոր: