Ռոյթերս- Շվեյցարիան ուկրաինական պատերազմի պատճառով ռազմական ծախսերը կավելացնի
Շվեյցարիան ուկրաինական պատերազմի պատճառով ռազմական ծախսերը կավելացնի: Այս մասին գրում է Reuters-ը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ 2023 թվականին Շվեյցարիան 1,9 միլիարդ ֆրանկ է հատկացրել զինված ուժերին զինելու համար։
«Հաշվի առնելով առկա անկայունությունը, անվտանգության քաղաքականության իրավիճակը ակնհայտորեն բարդ է եվրոպական մայրցամաքում պատերազմի, Մերձավոր Արևելքում զինված հակամարտությունների և աշխարհում տեղի ունեցող այլ իրադարձությունների պատճառով»,- մամուլի ասուլիսում ասել է Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդը։
Միևնույն ժամանակ, Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ կպահանջի 5,53 միլիարդ դոլար վարկ՝ նոր ռազմական տեխնիկա գնելու համար, այդ թվում՝ կատարելագործված կառավարվող հրթիռներ և կապի համակարգեր:
Բացի այդ, ինչպես գրում են լրատվամիջոցները, Շվեյցարիան կկառուցի տվյալների մշակման նոր կենտրոն՝ նախատեսված զինվորականների համար։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ Գերմանիան և Եվրոպայի պաշտպանական արդյունաբերությունը պետք է անցնեն զանգվածային զենքի արտադրության, քանի որ Ուկրաինայում պատերազմը ցույց տվեց, թե ինչպես են եվրոպական արտադրողները պայքարում զինամթերքի պահանջարկը բավարարելու համար: