«Ռոյթերս»-ի տեղեկատվությամբ՝ ԱՄՆ-ը փոխում է վիզային կանոնակարգերը օտարերկրյա ուսանողների և լրագրողների համար, ինչը որոշակի խոչընդոտներ կստեղծի
ԱՄՆ-ը փոխում է վիզային կանոնակարգերը օտարերկրյա ուսանողների և լրագրողների համար։
Ներքին անվտանգության դեպարտամենտի նոր որոշմամբ ֆիքսված ժամկետներ կսահմանվեն F տիպի վիզաների համար, որոնցից օգտվում են օտարերկրյա ուսանողները, J տիպի վիզաների համար, որոնք մշակութային փոխանակման ծրագրերի մասնակիցներին ԱՄՆ-ում աշխատելու հնարավորություն են տալիս, և I տիպի վիզաների համար, որոնք տրամադրվում են մեդիայի ներկայացուցիչներին։
Նոր կանոնակարգն ուժի մեջ կմտնի դաշնային ռեեստրում հրապարակվելուց 60 օր անց և կներկայացվի Կոնգրեսի քննարկմանը։ Ինչպես գրում է «Ռոյթերս»-ը, նոր կանոնակարգերը խոչընդոտներ կստեղծեն միջազգային ուսանողների, փոխանակման ծրագրերի մասնակիցների և օտարերկրյա լրագրողների համար։
Նոր որոշման համաձայն՝ ուսանողական և փոխանակման ծրագրերի վիզաների վավերականության ժամկետը չի գերազանցի չորս տարին։ Իսկ մեդիայի ներկայացուցիչների համար վիզայի վավերականության ժամկետը, որն այժմ գործում է տարիներ շարունակ, կկրճատվի մինչև 240 օր, իսկ Չինաստանի քաղաքացիների համար՝ մինչև 90 օր։
Վիզա ունեցողները կկարողանան դիմում ներկայացնել դրա վավերականության ժամկետը երկարաձգելու համար։ Նոր կանոնների համաձայն՝ ԱՄՆ-ում մնալ ցանկացողները, ում վիզայի գործողության ժամկետը սպառվում է, պետք է դիմեն Ներքին անվտանգության դեպարտամենտ կամ լքեն երկիրը և նորից մուտք գործեն ԱՄՆ։