«Ռոյթերս» - Հայաստանի կառավարությունը հերքում է Ադրբեջանի մեղադրանքը, թե երկրի զինված ուժերը կրակ են բացել
«Ռոյթերս» - Հայաստանի կառավարությունը հերքում է Ադրբեջանի մեղադրանքը, թե երկրի զինված ուժերը կրակ են բացել

Պաշտոնական Երեւանը հերքում է հայկական զորքերի կողմից կրակ բացելու Ադրբեջանի մեղադրանքը։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Խոսքը ադրբեջանական լրատվամիջոցներում ավելի վաղ հրապարակված տեղեկատվության մասին է, ըստ որի հայկական ուժերը գիշերը կրակ են բացել ադրբեջանական բանակի ուղղությամբ, իսկ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները դիմել են «պատասխան գործողությունների»։

Հայաստանի Հանրապետության կառավարության տեղեկատվության համաձայն՝ երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի, Վրաստանի ղեկավարների և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։

Ըստ հայկական կողմի՝ հեռախոսազրույցներում Փաշինյանը նշել է, որ սահմանին լարվածությունը մեծանում է, և Ադրբեջանը զորքեր է մոբիլիզացնում Լեռնային Ղարաբաղի շուրջ։ Նշված տեղեկությունը հերքել է պաշտոնական Բաքուն և իր հերթին Հայաստանին մեղադրել զորքերը մոբիլիզացնելու մեջ։

Նիկոլ Փաշինյանն ասել է, որ լարվածությունը թուլացնելու համար պատրաստ է հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Սակայն, ինչպես Reuters-ին ասել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը, Բաքուն նման առաջարկ չի ստացել։

Reuters-ի փոխանցմամբ՝ Բաքվի և Երևանի բնակիչները գործակալությանը հայտնել են, որ վախենում են երկու երկրների միջև նոր պատերազմից։