«Ռոյթերս» – Ղազախստանի նախագահը կառավարությանը հանձնարարել է դիվերսիֆիկացնել դեպի Եվրոպա նավթի մատակարարման ուղիները
Ղազախստանի նախագահ Ղասիմ-Ժոմարտ Տոկաևը կառավարությանը հանձնարարել է դիվերսիֆիկացնել նավթի մատակարարման ուղիները այն բանից հետո, երբ ռուսական դատարանը 30 օրով դադարեցրել է Կասպից խողովակաշարի կոնսորցիումի աշխատանքը։ Այս մասին գրում է «Ռոյթերս» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նավթը Ղազախստանի Թենգիզի խոշոր հանքավայրից Ռուսաստանի տարածքով տեղափոխվում է Սև ծով։ Դրա կասեցումը լարվածություն կստեղծի նավթի շուկայի համար, որը բախվում է մատակարարման վատթարագույն խափանումներին 1970-ականներից ի վեր:
Տոկաևը կառավարությանը հանձնարարել է ուսումնասիրել Կասպից ծովով խողովակաշարի կառուցման հնարավորությունը։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սա նախկինում առաջարկված նախագիծ է, որը թույլ կտա ղազախական նավթը Եվրոպա տեղափոխել՝ շրջանցելով Ռուսաստանը։
Ղազախստանի նախագահի խոսքով, Կասպից ծովի նավահանգստային ենթակառուցվածքների բարելավումը ռազմավարական խնդիր է երկրի համար։ Սակայն նա չի նշել «Կասպիական խողովակաշարերի կոնսորցիումը»։
Տեղեկատվության համար, Ղազախստանի նավթի արտահանումը Եվրոպա կախված է ռուսական խողովակաշարերից։ Չորեքշաբթի օրը Ռուսաստանի Նովոռոսիյսկ քաղաքի դատարանը որոշում է կայացրել կասեցնել Կասպյան խողովակաշարերի կոնսորցիումի աշխատանքը՝ նավթի արտահոսքի հետ կապված խնդիրների պատճառով։