«Ռոյթերս» - Էյֆելյան աշտարակի վրա հարձակման համար ձերբակալված անձը հարձակումից առաջ տեսանյութ է հրապարակել, որտեղ իր հավատարմությունը խոստացել է այսպես կոչված Իսլամական պետությանը
Փարիզի կենտրոնում Էյֆելյան աշտարակի վրա հարձակման համար ձերբակալված տղամարդը հարձակումից առաջ տեսանյութ է հրապարակել սոցցանցերում, որտեղ իր հավատարմությունը հայտնել է այսպես կոչված Իսլամական պետությանը, հայտնում է «Ռոյթերս»-ը։
Հետաքննությունը սկսել է հակաահաբեկչական դատախազությունը։ Ձերբակալվածը Ֆրանսիայի 26-ամյա քաղաքացի է։ Ոստիկանության տվյալներով՝ տղամարդը ձերբակալվել է 2016 թվականին հարձակումը ծրագրելու համար, իսկ չորս տարի անց ազատ է արձակվել:
Մինչ այդ սոցցանցերում տեսանյութ է տարածվել, որտեղ կասկածյալը քննադատում է Ֆրանսիայի կառավարությանը։ Նա նաև պնդել է, որ Ֆրանսիան մեղսակից է եղել Գազայում պաղեստինցիների մահվանը։
Փարիզի Էյֆելյան աշտարակի մոտ զբոսաշրջիկների վրա հարձակման հետևանքով զոհվել է մեկ մարդ, երկուսը՝ վիրավորվել։