Ռոյթերս. Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդականը Մոսկվայում բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ
Ֆրանսիայի նախագահի՝ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոննին երեքշաբթի Մոսկվայում բանակցություններ է վարել ռուս պաշտոնյաների հետ։ Այդ մասին տեղեկությունը, հղում անելով աղբյուրներին, տարածում է «Ռոյթերս»-ը։
Դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ Էմանուել Բոննին, ի թիվս այլոց, բանակցություններ է անցկացրել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովի հետ։
Աղբյուրները հանդիպման վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ չեն հրապարակում՝ նշելով միայն, որ բանակցությունների նպատակը հիմնական հարցերի շուրջ, հատկապես Ուկրաինայի թեմայով, երկխոսության վարումն էր։
«Ռոյթերս»-ը գրում է, որ Ֆրանսիայի նախագահի վարչակազմում բանակցությունների մասին տարածված տեղեկությունը ոչ հաստատել են, ոչ էլ հերքել, սակայն հայտարարել են. «Ինչպես նշել է նախագահ Էմանուել Մակրոնը, բանակցությունները տեխնիկական մակարդակով, լիակատար թափանցիկությամբ են ընթանում՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի գործընկերների հետ խորհրդակցությամբ»։