Ռոյթերս. «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» կուսակցության անդամներն աջակցում են Եվրամիությանը և Եվրոգոտուն Գերմանիայի անդամակցության դեմ ուղղված դիրքորոշման փոփոխությանը
Ծայրահեղ աջ «Այլընտրանք՝ Գերմանիայի համար» (AfD) կուսակցության անդամներն աջակցում են Եվրամիությանը և Եվրոգոտուն Գերմանիայի անդամակցության հարցում կուսակցության երկարամյա ընդդիմադիր դիրքորոշման փոփոխությանը: «Ռոյթերսի» փոխանցմամբ՝ այս մասին նշված է կուսակցության ռազմավարական փաստաթղթում:
Փաստաթուղթը, որի մասին տեղեկությունն առաջինը տարածել է «Բիլդ» պարբերականը, Եվրամիությունից և Եվրոգոտուց անհապաղ դուրս գալու փոխարեն նախատեսում է երկուսի արմատական բարեփոխում:
Փաստաթղթի համաձայն՝ եթե այս ջանքերը ձախողվեն, կուսակցությունը պետք է պահանջի Գերմանիայում Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել:
Բացի այդ, փաստաթուղթը նախատեսում է Եվրամիության վերափոխում «ինքնիշխան ազգերի միության», Բրյուսելի դերի սահմանափակում ներքին քաղաքականության հարցերում և երկրների համար ազգային մակարդակով բացառությունների սահմանում այնպիսի հարցերում, ինչպիսիք են միգրացիան, ԵՄ ֆինանսները և սոցիալական քաղաքականությունը:
Ինչպես գրում է մեդիան, փաստաթուղթը պատրաստել են Եվրոպական խորհրդարանում, Գերմանիայի Բունդեսթագում և դաշնային հողերի խորհրդարաններում ներկայացված AfD-ի պատգամավորները, և դրա քննարկումը տեղի է ունեցել անցյալ ամիս կայացած հանդիպմանը:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կուսակցության տասնամյա քաղաքական հարթակի փոփոխությունը վերջնականապես պետք է հաստատվի հաջորդ տարի նախատեսված կուսակցական համագումարում: