«Ռոյտեր» - Իսրայելի կողմից Եմենի Հոդեյդա նավահանգստի մոտ Հութիների թիրախները ռմբակոծելու հետեւանքով զոհվել է երեք, վիրավորվել 87 մարդ
Եմենի Հոդեյդա նավահանգստի մերձակայքում Իսրայելի կողմից հութիների թիրախները ռմբակոծելու հետևանքով զոհվել է երեք մարդ, վիրավորվել՝ 87-ը։ «Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկությունը տարածում է «հութիների» ղեկավարած առողջապահության վարչությունը։
Իսրայելի ռազմական օդուժը նախօրեին լայնածավալ հարձակում է իրականացրել Եմենի շիա «հութիների» կողմից վերահսկվող Հոդեյդա քաղաքի վրա։ Իսրայելական ռազմական գործողությունը սկսվել է այն բանից հետո, երբ մեկ օր առաջ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում պայթել է «հութիների» անօդաչու մեքենան, ինչի հետևանքով մեկ մարդ է զոհվել։
Իսրայելի կառավարությունը պնդում է, որ «հութիներն» օգտագործում են Հոդեյդա նավահանգիստը՝ Իրանից զենք ստանալու համար։
Իսրայելի խոսքով՝ ինքը տեղեկատվություն է տրամադրել իր դաշնակիցներին Եմենին հարվածելուց առաջ։ Գործողությունն իրականացվել է F-15 կործանիչներով, որոնցից բոլորը բարեհաջող վերադարձել են։
Ըստ «Հութիների» բարձրագույն քաղաքական խորհրդի՝ Իսրայելի հարվածներին կհաջորդի «արդյունավետ պատասխանը»։