«Ռոյտեր» - Գերմանիան հետաձգեց Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 14-րդ փաթեթի հաստատումը
«Ռոյտեր» - Գերմանիան հետաձգեց Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 14-րդ փաթեթի հաստատումը

Գերմանիան հետաձգեց Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 14-րդ փաթեթի հաստատումը։ Այս մասին գրում է Reuters-ը։

Դեսպանների մակարդակով հանդիպման ժամանակ Գերմանիան մտահոգություն հայտնեց սահմանափակող միջոցների երկարաձգման կապակցությամբ՝ մտավախություն ունենալով, որ նոր միջոցները կստիպեն Եվրամիության ընկերություններին ապահովել, որ իրենց հաճախորդներն այնուհետև արգելված ապրանքներ չվաճառեն Մոսկվային:

Մասնավորապես, ինչպես գրում է լրատվամիջոցը, Գերմանիան դեմ է հեղուկ գազի ոլորտում պատժամիջոցների կիրառմանը, որի շրջանակներում երկրներին կարգելվի ռուսական հեղուկ գազ վերաարտահանել Եվրամիության նավահանգիստներից և ֆինանսավորել հեղուկ գազի տերմինալները Արկտիկայի և Բալթյան երկրներում։

Ինչպես գրում է «Politico»-ն, Գերմանիան կարծում է, որ գերմանական փոքր բիզնեսը նույնպես տուժելու է, եթե միջոցները կիրառվեն այն ապրանքների նկատմամբ, որոնք չեն պատկանում երկակի նշանակության ապրանքներին, ինչպիսիք են քիմիական նյութերը կամ մետաղամշակման սարքավորումները։ Այժմ Եվրահանձնաժողովը փորձում է հասնել նրան, որ կանցլեր Օլաֆ Շոլցը համաձայնի վերացնել վետոն։