«Ռոյտեր» - ԱՄՆ-ը մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ սառեցնել պատերազմը Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներում
ԱՄՆ-ը մերժել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ դադարեցնել կրակը և սառեցնել Ուկրաինայում պատերազմը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ռուս բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ինչպես հաղորդում է հրատարակությունը, Պուտինը ԱՄՆ-ին առաջարկել է սառեցնել հակամարտությունը Ռուսաստանի կողմից օկուպացված սահմաններում և չի ցանկացել որևէ տարածք զիջել։ Reuters-ի փոխանցմամբ՝ Կրեմլում ասում են, որ դա ինչ-որ խաղաղություն հաստատելու լավագույն միջոցն է։
«Ամերիկացիների հետ շփումն անարդյունք է ստացվել»,- Reuters-ին ասել է ռուսական աղբյուրը։
Ռուսական երկրորդ աղբյուրը հրապարակմանը հայտնել է, որ ԱՄՆ-ը միջնորդների միջոցով հրաժարվել է քննարկել հնարավոր զինադադարն առանց Ուկրաինայի մասնակցության։
Reuters-ը հայտնում է նաև, որ Պուտինը նման առաջարկ է արել ԱՄՆ-ին 2023 թվականին՝ միջնորդների միջոցով, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում Ռուսաստանի արաբ գործընկերների։
Միևնույն ժամանակ, ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք, ըստ Reuters-ի, անանունության պայմանով զրուցել են հրատարակության հետ, հերքում են նման շփումները և նշում, որ Վաշինգտոնը չի մասնակցի այնպիսի բանակցությունների, որտեղ Ուկրաինան չի մասնակցում։