Ռոբերտ Ֆիցոն հայտարարում է, որ Սլովակիան աջակցում է Ուկրաինայի ձգտումներին՝ հնարավորինս արագ դառնալ Եվրամիության անդամ
Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ իր երկիրը աջակցում է Ուկրաինայի՝ հնարավորինս շուտ Եվրամիության անդամ դառնալու ձգտումին։ Այս մասին, ըստ ուկրաինական լրատվամիջոցների, Ֆիցոն հայտարարել է Սլովակիայում Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի հետ հանդիպումից հետո։ Հանդիպումն անցկացվել է ուկրաինական սահմանի մոտ գտնվող Միխալովցե քաղաքում։
«Սա շահարկում չէ, սա բացարձակապես լիարժեք աջակցություն է։ Մենք այն երկիրը չենք, որը խոչընդոտներ կստեղծի դեպի ԵՄ ձեր ճանապարհին։ Ընդհակառակը, մենք ցանկանում ենք օգնել, կիսել մեր փորձը անդամակցության բանակցությունների վերաբերյալ»,- ասել է Սլովակիայի վարչապետը։
Ռոբերտ Ֆիցոյի խոսքով՝ Սլովակիան ցանկանում է, որ Ուկրաինան շուտով դառնա Եվրամիության անդամ, քանի որ դա երկրի խաղաղ զարգացման երաշխիքն է։
Բացի այդ, Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ Սլովակիան մասնակցելու է Շվեյցարիայի խաղաղության գագաթնաժողովին, որը կանցկացվի հունիսի 15-16-ը։
Ֆիցոյի հետ բանակցություններից առաջ Ուկրաինայի վարչապետը հայտարարեց, որ Սլովակիային հրավիրել է Շվեյցարիայում նախատեսված գագաթնաժողովին։
«Մենք այս մոլորակի վրա բոլորից ավելի խաղաղություն ենք ուզում։ Մենք երախտապարտ ենք ուկրաինական «Խաղաղության բանաձեւին» Սլովակիայի կառավարության և վարչապետի աջակցության համար։ Իհարկե, մենք սպասում ենք գլոբալ խաղաղության գագաթնաժողովի անցկացմանը, հրավիրում ենք Սլովակիային մասնակցել դրան և աջակցել պատերազմի հնարավորինս շուտ ավարտին»,- ասել է Շմիգալը։