Reuters - Meta-ն խումբ կստեղծի ԵՄ ընտրություններում ապատեղեկատվության և արհեստական ​​ինտելեկտի չարաշահումների դեմ պայքարելու համար
Reuters - Meta-ն խումբ կստեղծի ԵՄ ընտրություններում ապատեղեկատվության և արհեստական ​​ինտելեկտի չարաշահումների դեմ պայքարելու համար

Facebook-ի սեփականատեր Մետան խումբ կստեղծի, որը պայքարելու է ապատեղեկատվության և արհեստական ​​ինտելեկտի չարաշահման դեմ հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններից առաջ։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը։

Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, գեներատիվ արհեստական ​​ինտելեկտի արագ զարգացումը և վայրկյանների ընթացքում տեքստի, պատկերներ կամ տեսանյութեր ստեղծելու նրա կարողությունը մեծացրել է այն վտանգը, որ նոր տեխնոլոգիան կարող է օգտագործվել ընտրություններին միջամտելու համար։

«Քանի որ մոտենում են ընտրությունները, մենք կակտիվացնենք ընտրական օպերատիվ կենտրոնը՝ հնարավոր սպառնալիքները բացահայտելու և իրական ժամանակում դրանք մեղմելու միջոցներ ձեռնարկելու համար», – ասել է Meta-ի ԵՄ-ի հետ կապերի բաժնի ղեկավար Մարկո Պանչինին:

Նրա խոսքով, ընկերության հետախուզության, տվյալների մշակման, ճարտարագիտության, հետազոտությունների, գործառնությունների, բովանդակության քաղաքականության և իրավական բաժինների փորձագետները աշխատում են ապատեղեկատվության, ազդեցության գործողությունների և արհեստական ​​ինտելեկտի չարաշահման ռիսկերի դեմ պայքարելու համար:

Ինչպես գրում է լրատվամիջոցը, Meta-ն, որը ներկայումս համագործակցում է Եվրամիության 26 փաստերի ստուգման կազմակերպությունների հետ, կավելացնի երեք նոր գործընկեր կազմակերպություններ Բուլղարիայում, Ֆրանսիայում և Սլովակիայում։

Եվրախորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հունիսի 6-9-ը։ Meta-ն, Microsoft-ը, OpenAI-ն և 17 այլ տեխնոլոգիական ընկերություններ այս ամիս պայմանավորվել են համագործակցել՝ կանխելու արհեստական ​​ինտելեկտի կողմից ստեղծված ապակողմնորոշիչ նյութերի միջամտությունը աշխարհի ընտրություններին այս տարի: