Reuters. Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալությունը պայթուցիկ սարք է տեղադրել «Հըզբոլլահի» անդամների 5000 փեյջերի մեջ
Reuters. Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալությունը պայթուցիկ սարք է տեղադրել «Հըզբոլլահի» անդամների 5000 փեյջերի մեջ

Իսրայելի «Մոսադ» հետախուզական գործակալությունը պայթուցիկ սարք է տեղադրել «Հըզբոլլահի» անդամների 5000 փեյջերի մեջ,- հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով լիբանանյան աղբյուրին։

Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ փեյջերները Թայվանում են արտադրված, սակայն ընկերությունը հայտարարության մեջ նշել է, որ ինքը նման սարք չի արտադրում: Հայտարարության համաձայն՝ փեյջերներ արտադրում է «BAC» ընկերությունը, որը հիմնված է Հունգարիայում, որն ունի «Gold Apollo» ապրանքանիշի օգտագործման լիցենզիա։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ օպերացիան նախապատրաստվում էր մի քանի ամիս։ Լիբանանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ խումբը «Gold Apollo»-ից պատվիրել է 5000 փեյջեր, որոնք երկիր են բերվել այս տարվա սկզբին: «Gold Apollo»-ի հիմնադիր Հսու Չինգ-Կուանն ասել է, որ օգտագործված փեյջերները պատրաստվել են եվրոպական ընկերության կողմից, որն իրավունք ունի օգտագործել ֆիրմայի ապրանքանիշը:

«Հեզբոլլահի» մարտիկները օգտագործել են փեյջերները՝ որպես ցածր տեխնոլոգիական հաղորդակցման միջոց՝ Իսրայելի կողմից տեղանքին հետևելուց խուսափելու համար: Լիբանանյան աղբյուրը հայտնել է, որ սարքերը փոփոխվել են իսրայելական հետախուզության կողմից «արտադրության մակարդակով»:

ԶԼՄ-ների տվյալներով՝ «Մոսադը» սարքի մեջ պայթուցիկ նյութ պարունակող տախտակ է մտցրել։ Այն ընդունում է կոդ, որը շատ դժվար է հայտնաբերել: Անվտանգության մեկ այլ աղբյուր «Reuters»-ին հայտնել է, որ մինչև երեք գրամ պայթուցիկ է թաքցված նոր փեյջերներում, և «Հեզբոլլահը» դա չի նկատել ամիսներ շարունակ: Լիբանանում համակարգված պայթյունների հետեւանքով զոհվել է 12 մարդ, վիրավորվել՝ 2800-ը, առնվազն 200 հոգի գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։