Reuters – Հարցումների համաձայն, Դոնալդ Թրամփի վարկանիշը Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ամենացածր մակարդակին է
Reuters/Ipsos-ի հարցումը ցույց է տալիս, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը նվազել է՝ հասնելով Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր ամենացածր մակարդակին։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, վեց օրվա ընթացքում անցկացված հարցման համաձայն, հարցվածների մոտ 42%-ը հավանություն է տվել Թրամփի նախագահի պաշտոնում գործունեությանը, մինչդեռ երեք շաբաթ առաջ Reuters/Ipsos-ի հարցումը ցույց էր տվել 43% վարկանիշ, իսկ հունվարին՝ Թրամփի երդմնակալությունից հետո, այն կազմել է 47%:
Ինչպես գրում է Reuters-ը, չնայած Թրամփի հավանության վարկանիշը նրա նախագահության մեծ մասի ընթացքում մնացել է ավելի բարձր, քան Ջո Բայդենինը, Reuters/Ipsos հարցման արդյունքները ցույց են տալիս, որ շատ ամերիկացիներ դժգոհ են Թրամփի գործողություններից։
Հարցման արդյունքների համաձայն՝ 4306 հարցվածների մոտ 83%-ը նշել է, որ ԱՄՆ նախագահը պետք է ենթարկվի դաշնային դատարանների որոշումներին, նույնիսկ եթե նա դա չի ցանկանում։ 57%-ը համաձայն չէր այն կարծիքի հետ, որ «նորմալ է, որ ԱՄՆ նախագահը կրճատի համալսարանների ֆինանսավորումը, եթե նախագահը համաձայն չէ դրանց կառավարման հետ։ 66%-ը չի կարծում, որ նախագահը պետք է վերահսկի մշակութային հաստատությունները, ինչպիսիք են ազգային թանգարաններն ու թատրոնները։
Հարցումը պարզել է, որ մի շարք հարցերի շուրջ, ինչպիսիք են գնաճը, ներգաղթը և այլն, «ամերիկացիները, ովքեր դժգոհ են Թրամփի գործունեությունից, գերազանցում են նրան դուր եկողներին»։
Բացի այդ, հարցվածների մոտ 59%-ը, այդ թվում՝ հանրապետականների մեկ երրորդը, նշել է, որ Ամերիկան կորցնում է հեղինակությունը համաշխարհային ասպարեզում։
Ինչպես նշում է Reuters-ը, հարցումը կարող է ունենալ մոտ 2 տոկոսի սխալի միջակայք։