Reuters. Գերմանիան և Իտալիան տեղական ընկերություններին թույլ են տալիս ռուբլով հաշիվներ բացել ռուսական գազ գնելու համար

12:55, 21.05.2022

Գերմանիան և Իտալիան տեղական ընկերություններին թույլ են տվել ռուսական ռուբլով հաշիվներ բացել ռուսական գազ գնելու համար։ Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը՝ սեփական աղբյուրների հիման վրա։

Գերմանական իշխանությունները տեղյակ են պահել բնական գազ ներկրող տեղական ընկերություններին ռուսական ռուբլով հաշիվներ բացելու հնարավորության մասին՝ Ռուսաստանից բնական գազի ներկրումը առանց պատժամիջոցների խախտման պահելու համար։ Ըստ աղբյուրի՝ Գերմանիան այս հարցում գործել է ԵՄ-ի հետ սերտ համակարգված։

Նման իրավիճակ է Իտալիայում: Գործակալության աղբյուրների համաձայն՝ Իտալիայի կառավարությունը հարցը քննարկել է Եվրահանձնաժողովի հետ և պարզաբանումներ ստացել, թե ինչպես օրինական ճանապարհով գնել ռուսական գազը։

«Reuters»-ի փոխանցմամբ՝ Բրյուսելը երկու գրավոր հրահանգ է հրապարակել, թե ինչպես կարելի է գնել ռուսական գազ՝ առանց պատժամիջոցները խախտելու։ Լրատվամիջոցների աղբյուրների համաձայն՝ Բրյուսելի առաջարկած օրինական երթուղին մշուշոտ է, և ընկերություններին խորհուրդ է տրվում ռուբլով հաշիվներ չբացել «Գազպրոմբանկի» հետ։

Աղբյուրներից մեկի համաձայն, տպավորություն է ստեղծվում, որ հրահանգները բիզնեսի համար դռները բաց են թողնում, թեև այն փաստը, որ որոշ երկրներում ընկերությունները կարող են բնական գազ գնել, իսկ մյուսները՝ ոչ, սպառնում է Եվրոպայի միասնությանը ընդդեմ Ռուսաստանի։

Ավելի վաղ Լեհաստանը, Բուլղարիան և Ֆինլանդիան մերժել էին գազի դիմաց «Գազպրոմբանկում» բացված ռուբլով հաշիվներով վճարելու Մոսկվայի պահանջը, որը դադարեցրել էր գազի մատակարարումը այդ երկրներ։

Նմանատիպ