Reuters. Էմանուել Մակրոնն ասում է, որ Ֆրանսիան չի ցանկանում զիջումների գնալ Ռուսաստանին, իսկ պաշտոնական Փարիզը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի պատերազմում
Ֆրանսիան չի ցանկանում զիջումների գնալ Ռուսաստանին, իսկ պաշտոնական Փարիզը ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի Մոսկվայի օկուպացիոն ուժերի դեմ պատերազմում՝ վերականգնելով տարածքային ամբողջականությունը, – «Reuters»-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսնակը։
«Ինչպես նախագահն է ասել, մենք ցանկանում ենք, որ Ուկրաինան հաղթի։ Մենք ցանկանում ենք վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նախագահն ասում է, որ Պուտինի կամ Ռուսաստանի նկատմամբ փոխզիջման ոգի չկա: Երբ նա ուղղակիորեն խոսում է նրա հետ, դա փոխզիջում չէ, այլ միջոց՝ ասելու, թե ինչպես ենք մենք տեսնում մեր գործերը», – լրագրողներին ասել է Մակրոնի խոսնակը։
Նրա խոսքով, պաշտոնական Փարիզը եղել է պատժամիջոցների հիմնական ջատագովը եւ ուժեղ ռազմական օգնություն է ցուցաբերել Ուկրաինային։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ռուսաստանին բացահայտ նվաստացնելը միայն կփակի ապագա դիվանագիտական ուղիները։