«Reuters»՝ Գերմանիան պահանջում է 400 միլիարդ եվրոյով կրճատել Եվրամիության բյուջեն

20:14, 30.06.2026

Գերմանիան պահանջում է Եվրամիության բյուջեի կրճատում 400 միլիարդ եվրոյով։ Այս մասին գրում է «Ռոյթերս»-ը (Reuters)։

Եվրահանձնաժողովը 2028-2034 թվականների համար սահմանել է 2 տրիլիոնանոց բյուջե։ Գերմանիան այս պլանն անիրատեսական է համարում։

««Բազմամյա ֆինանսական շրջանակը», որը մենք ճանաչում ենք ԵՄ բյուջե անվամբ, պահանջում է բոլոր 27 անդամ երկրների միաձայն համաձայնությունը։ Գերմանիան՝ որպես Եվրամիության խոշորագույն ներդրող (կոնտրիբուտոր), մտահոգված է հաջորդ յոթ տարիների բյուջեի մասշտաբներով, որոնք զգալիորեն գերազանցում են 2021-2027 թվականների 1.3 տրիլիոնանոց բյուջեն»,- գրում է «Ռոյթերս»-ը։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բեռլինում կարծում են, որ նույնիսկ իրենց կողմից պահանջվող 400 միլիարդանոց կրճատման պայմաններում գալիք տարիների բյուջեն 27%-ով ավելի կլինի, քան այժմ է, և Գերմանիայի տարեկան անդամավճարը կգերազանցի 50 միլիարդ եվրոն։

Կանցլեր Ֆրիդրիխ Մերցը անդամ պետություններին կոչ է անում պայմանները համաձայնեցնել հենց այս տարի, որպեսզի 2028 թվականի հունվարին, երբ նոր բյուջեն պետք է ուժի մեջ մտնի, բավարար ժամանակ մնա մանրամասների պլանավորման համար։ Նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2027 թվականին Ֆրանսիայում, Լեհաստանում և Իտալիայում ընտրություններ են անցկացվելու։

Նմանատիպ