Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ժամանել է Հունգարիա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Ավելի վաղ Էրդողանը հանդիպել էր Հունգարիայի նախագահ Կատալին Նովակին և նրա հետ միասին ծաղկեպսակ դրել Հերոսների հրապարակում։
Թուրքիայի նախագահի վարչակազմի փոխանցմամբ՝ այցն իրականացվում է Թուրքիա-Հունգարիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի վեցերորդ հանդիպման շրջանակում։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ կողմերը նախատեսում են քննարկել ընթացիկ տարածաշրջանային ու գլոբալ հարցեր, ինչպես նաեւ ստորագրել մի քանի համաձայնագրեր։ Մասնավորապես, նախատեսվում է ստորագրել տարբեր ոլորտների 16 փաստաթուղթ։ Բացի այդ, Թուրքիայի և Հունգարիայի ղեկավարները ներկա կլինեն թուրք-հունգարական մշակույթի տարվա բացման արարողությանը։ Թուրքիան և Հունգարիան նշում են երկկողմ հարաբերությունների հաստատման 100-ամյակը։