Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմի ավարտը հեռու չէ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, լրագրողների հետ զրույցում, մեկնաբանել է Ուկրաինայում խաղաղության, Թուրքիայի՝ Եվրոպական միության անդամակցության և Մերձավոր Արևելքի ճգնաժամի հարցերը։
Թուրքմենստանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո Էրդողանը նշել է, որ Ուկրաինայի պատերազմը մոտ է ավարտին։
«Խաղաղությունը հեռու չէ, մենք դա տեսնում ենք», – հայտարարել է Էրդողանը։
Նա նաև հայտնել է, որ հույս ունի խաղաղության պլանը քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։
Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ Էրդողանը նշել է, որ ԵՄ-ի համար օգտակար կլինի, եթե հարաբերություններին մոտենան ռազմավարական տեսանկյունից։
Միաժամանակ, Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ Սև ծովը չպետք է դիտարկվի որպես մարտի դաշտ։
«Սա օգուտ չի բերում ոչ Ռուսաստանին, ոչ Ուկրաինային», – հայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ բոլորին անհրաժեշտ է ապահով նավարկություն Սև ծովում։