Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Ջո Բայդենը համաձայնի Թուրքիային F-16 վաճառել, ապա Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին
Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսքով՝ եթե Ջո Բայդենը հավանություն տա Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին, ապա Թուրքիայի խորհրդարանը կվավերացնի Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Այս մասին ինքնաթիռում գտնվելու ժամանակ լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը:
Նրա խոսքով, Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը անցյալ շաբաթ Նյու Յորքում քննարկել են Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։
Էրդողանը նշում է, որ ԱՄՆ վարչակազմը Թուրքիային կործանիչներ վաճառելը կապում է Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի դիմումի վավերացման հետ։
«Եթե նրանք կատարեն իրենց խոստումը, մեր խորհրդարանն էլ կկատարի մեր խոստումը։ Թուրքիայի խորհրդարանը վճռորոշ խոսք կունենա ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում»,- ասել է Էրդողանը։