Ռեջեփ Թայիփ Էրդողան. Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը այն հարցը չէ, որը պետք է շտապեցվի, ԱՄՆ-ը և դաշինքի որոշ երկրներ չեն ցանկանում, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ի անդամ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը շտապեցնելու հարց չէ։ Նրա խոսքով, ԱՄՆ-ը և դաշինքի որոշ երկրներ չեն ցանկանում, որ Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ի անդամ։
Այս մասին Էրդողանն ասել է «NBC News»-ին տված հարցազրույցում։
«Սրանք հարցեր չեն, որ պետք է արագացնել։ Եվ երբ որոշումներ ենք կայացնում, միշտ հաշվի ենք առնում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների դիրքորոշումները, քննարկում ենք բոլոր հնարավոր հարցերը բանակցությունների սեղանի շուրջ և ըստ այդմ կայացնում վերջնական որոշում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նույն հարցազրույցում Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները գնալով ընդլայնվում են։
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բազմաչափ են, քաղաքական, տնտեսական, ինչպես նաև կապված են պաշտպանական արդյունաբերության հետ։ Այս հարաբերությունները շատ հարթություններ ունեն, մեր կապերը շարունակվում են, և տնտեսապես այդ հարաբերություններն օրեցօր ընդլայնվում են»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել էր, որ նախագահ Զելենսկու մշակած «Հաղթանակի պլանը» ներառում է Ուկրաինային ՆԱՏՕ հրավիրելը։