Ռեջեփ Թայիփ Էրդողան. Թուրքիան Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով Իսրայելում տեղի ունեցող զարգացումները
Թուրքիան Իսրայելին և Պաղեստինին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով Իսրայելում տեղի ունեցող զարգացումները,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Մենք կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել՝ հաշվի առնելով Իսրայելում այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները և զերծ մնալ իմպուլսիվ քայլերից, որոնք կհանգեցնեն լարվածության աճի», – ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ Թուրքիան փորձում է դիվանագիտական ճանապարհով ու երկխոսությամբ լուծել իր խնդիրները տարածաշրջանի բոլոր երկրների հետ։
«Տարածաշրջանում արյունահեղության դադարեցումը մեր առաջնահերթությունն է։ Դրան հասնելու ճանապարհը արդարության և միջազգային իրավունքի պաշտպանությունն է»,- ասել է Էրդողանը։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով Իսրայելում առնվազն 100 մարդ է զոհվել։ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ 908 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմական դրություն է հայտարարել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության պատճառով։